slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ENFSI-ի տարեկան զեկույցում ամփոփվել են Բյուրոյի կազմակերպած միջազգային աշխատաժողովի արդյունքները

News_Image

Հրապարակվել է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI-ի) 2023թ տարեկան զեկույցը, որում ամփոփված են նաև 2023թ. հոկտեմբերին Երևանում կայացած ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովի արդյունքները:
Հիշեցնենք, որ 2023թ. հոկտեմբերի 4-ից 6-ը ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի աշխատանքային խմբի (FSAAWG) 24-րդ տարեկան աշխատաժողովը, որին մասնակցում էին ֆոտոտեխնիկական, դիմանկարային, աուդիո և տեսաձայնագրային փորձաքննությունների բնագավառի առաջատար փորձագետներ երկու տասնյակից ավելի եվրոպական երկրներից։
Փորձաքննությունների ազգային բյուրոն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունից ENFSI-ի միակ և լիիրավ անդամը, ակտիվորեն ներգրավված է Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի աշխատանքներին:
Ներկայում Բյուրոյի տեսաձայնագրային, ֆոտոտեխնիկական և դիմանկարային բաժնի փորձագետները մասնակցում են ENFSI-ի «Խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների» աշխատանքային խմբի ձայնի նմուշների տվյալների բազայի ստեղծման գործընթացին՝ բազան համալրելով հայերեն ձայնի նմուշներով: Ձայնային տվյալների հավաքագրումը, բնութագրումը, տվյալների բազայի ձևավորումն ու փորձարկումը հնարավորություն կտա օպտիմալացնել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների բնագավառի փորձագետների աշխատանքը, կբարձրացնի ծրագրային ապահովումներով ձայնի մշակման և նույնականացման գործընթացի արդյունավետությունը:
Ձայնային նմուշների տվյալների ընդգրկուն բազայի ձևավորումը կնպաստի նաև դատափորձագիտական ոլորտում, մասնավորապես աուդիո և խոսքի փորձաքննության բնագավառում եվրոպական ընդհանուր մոտեցումների և դրանց հիման վրա միասնական մեթոդների մշակմանը:
Նշենք, որ ENFSI-FSAAWG-ի կազմում  ընդգրկված են առաջատար դատափորձագիտական կազմակերպություններ և փորձագիտական լաբորատորիաներ աշխարհի շուրջ 30 երկրներից:
Աշխատանքային խումբը նպատակ ունի բարելավել խոսքի և աուդիո ձայնագրությունների փորձաքննությունների ոլորտում կիրառվող ձայնի և խոսքի նույնականացման, հետազոտման մեթոդաբանությունը, զարգացնել ավտոմատացված եղանակով ձայնի նույնականացման արդյունավետությունը, ձևավորել և պարբերաբար թարմացնել ձայնային նմուշների բազմալեզու և ընդգրկուն տվյալների շտեմարանը և այլն:
Փորձաքննությունների ազգային բյուրոն կարևորում է ENFSI-ի կազմում փոխգործակցության շարունակականության ապահովումը՝ ի նպաստ եվրոպական ինտեգրմամբ Հայաստանի Հանրապետությունում դատափորձագիտական գործունեության շարունակական զարգացմանը, փորձագիտական հավաստի արդյունքների ապահովմանն ու օրենքի գերակայությամբ արդարադատության արդյունավետ իրականացմանը։

13 August 2024